Արցախյան ճամփորդություն. իմ տպավորությունները

Լավ, հիմա էլ իմ հերթն է կիսվել արցախյան տպավորություններով: Շնորհակալ եմ այնտեղ գտնվելու հնարավորության համար: Շատ վաղուց էի երազում լինել Արցախում, ինչպես նաև Գորիսում, էլի շատ վաղուց երազում էի տեսնել Տաթևի վանքը: Եվ անըդնհատ հետաձգվում էր այդ ճմփորդությունը, ընտանեկան հոգսերը այդպես էլ թույլ չտվեցին իրականացնել այդ երազանքը:

Այս տարի մեր ուսումնական ճամբարների շրջանակներում ինձ հաջողվեց վերջապես իրականցնել այդ երկու երազանքս էլ՝ հոկտեմբերին Գորիսում եղանք, տեսանք Տաթևի վանքը, Սատանի կամուրջը ճոճվող սյունը: (Այդ մասին ինձ միշտ հիացած պատմում էր հայրս: Դեռ մանկությունից էի երազում այս վայրերում լինել):

Դե իսկ հիմա էլ, այս արցախյան ճամբարը. և որքան առատ ծրագիր՝ մասնագիտական մեկնաբանություններով, բացատրություններով, որքան հրաշքներ, որոնք մերն են, որոնք հնարավորություն են տալիս զգալ մեր հայրենիքի հնությունը, անմիջական կապը միջնադարյան պատմության հետ՝ Դադիվանք, Գանձասար, Ամարաս, Ղազաչենցոց եկեղեցի, Զորաց քարեր, քարանձավներ Խնձորեսկում, բազիլիկային Ս. Հռիփսիմեի եկեղեցին: Գանձասարի եկեղեցու մասին չպատմեմ, դա շատ լավ արդեն արել են սովորողները: Բայց նշեմ, որ նույնիսկ վանքի խոհանոցում, որտեղ պատահական մի պահ հայտվեցինք, ես ինձ հեքիաթում հայտնված էի զգում, երբ նայում էի առաստաղի կամարներին, բարձր փայտե աթոռներին, մեծ փայտե սեղանին:

Այդ ճամփորդության մասնակիցներն էին իմ երկու երեխաները՝ Սերգեյը, Մանեն, ինչպես նաև մի խումբ հրաշալի սովորողներ: Ճամբարների ընթացքում ինձ միշտ զարմացնում է այն մթնոլորտը, որ տիրում է մասնակիցների միջև՝ սովորողների և դասավանդողների միջև: Մի խումբ տարբեր մարդիկ, երեխաներ մի ընտանիքի նման են դառնում: Միասին ուրախանում, քայլում, զրուցում, հոգնում, իմանում, հիանում, ավելի լավ ճանաչում միմյանց բնավորության գծերը:

 Աղդամ, Շուշի… Այնքան շատ ես լսում այս քաղաքների մասին, այնքան շատ հաղորդումներ են լինում եթերում… Բայց մի բան է լսելը, մի այլ բան է տեսնելը: Աչքիդ առաջ այն տներն են, որտեղ կյանք է եռացել, քաղաքներ, որոնք եղել են մշակութային կենտրոններ, իսկ հիմա սառը տեսարաններ են՝ քանդված շենքեր, փլատակեր, վերացած կյանք: Տարիներով ստեղծածը վերացվել է մի քանի ժամում, օրում: Եվ պատկերացնում ես, թե քանի ընտանիք է հիմա սփռվել ամբողջ աշխարհով՝ զրկվելով իր քաղաքից, հայրենի օջախից:

Հրաշալի ընտանիքներ են նորից կյանք ստեղծում Արցախի գյուղերում, քաղաքներում: Դժվար պայմաններ, կենցաղային դժվարություններ, որոնց հետ մենք չենք կարող հաշտվել, դժվարությամբ ենք դիմանում նույնիսկ մի քանի օր (չնայած իմ սերունդը այդպիսի դժվարությունների միջով անցել է 90-ականների սկզբին): Բայց այստեղի ժողովուրդը կարղանում է դիմանալ այդ երկրորդական դժվարություններին: Իսկ մեր ցեխոտվելու վախը նույնիսկ ծիծաղելի էր թվում Վանք գյուղի ուսուցչուհու համար, որը մեզ ընդունեց իր տանը: Կենսուրախ, լավատես և ուժեղ կին էր: Շատ էր կարևորում իր երեք տղաների ուսումը, որոնք այժմ հասուն, կիրթ մարդիկ են դարձել: Նա ցույց տվեց մեզ իր ընտանեկան լուսանկարները: Պատմեց, թե ինչպես են ստիպված եղել կրկին շարել քանդված տան պատերը, նորից ամեն ինչ զրոյից սկսել:

Այնքան մեծ տպավորություններ ստացանք, որոնք դեռ պետք է ամփոփենք սովորողների հետ, դարձնենք ուսումնական գործունեության մաս, ստեղծենք փաթեթներ, ֆիլմեր անգլերեն լեզվով, որպեսզի մեր երկրի մասին պատմող որոշ տեղեկություններ կարողանանք ավելացնել մեդիայում:

 P.S.

Այնքանա նսովոր էր առաջին պահը, երբ ուշ ժամի հայտնվել ես անծանոթ մարդկանց տանը և քեզ պետք է զգաս, ինչպես քո տանը՝տեղավորվես, սնվես, քնես… Բայց դա միայն առաջին մի քանի վայրկյաններն էին: Շատ կարճ ժամանակում ծանոթացանք և օգնեց նաև այն, որ պարզապես գիտակցում ես, որ դա մեծ ծրագրի մի մաս է՝ Հայաստանի տարբեր շրջանների երեխաների և մեծահասակների շփվելուն, ծանոթանալուն, մտերմանալուն ուղղված:

Շուշիում, Ստեփանակերտում, Վանքում զգում ես քեզ Հայաստանում, բայց ուրիշ Հայաստանում, որտեղ պետք է մի փոքր լարվես, որպեսզի հասկանաս բարբառը, շենքեր, քաղաքներ, եկեղեցիներ, որոնք էլի հայկական են, բայց մինչև հիմա չես տեսել: Եվ որքան լավ է, որ իմ երեխաները այդ ՛՛ուրիշ Հայաստան՛՛-ի տպավորությունը արդեն չեն ունենա ինձ նման: Նրանք արդեն լավ ճանաչեցին իրենց հայրենիքի այս մասը՝ Արցախը:

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: